Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին երկկողմ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Պրահայի ամրոցում, գրում է թուրքական Milliyet թերթը։ Հրատարակության տվյալներով՝ այն կկայանա տեղական ժամանակով 20։00-ին (Երևանի ժամանակով 22:00-ին)։ Պաշտոնական Երեւանը դեռ չի հաստատել հանդիպման մասին տեղեկությունը։
Ավելի վաղ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չէր բացառել Թուրքիայի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը։
Իսկ ուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը կարող են քննարկել «Զենգեզուրի միջանցքի» աշխատանքը, անդրադառնալ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման թեմային։ Բացի այդ, Էրդողանը կարող է հանդես գալ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկներով։
2021 թվականի վերջին Անկարան և Երևանը հարաբերությունները կարգավորելու համար նշանակեցին հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանին և Սերդար Քըլըչին։ Հարաբերությունների կարգավորման շուրջ առաջին բանակցությունները կայացել են հունվարի 14-ին Մոսկվայում։ Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել վերսկսել թռիչքները Հայաստանի և Թուրքիայի միջև։ Հատուկ ներկայացուցիչներն իրենց երկրորդ հանդիպումն անցկացրել են փետրվարի 24-ին, երրորդը՝ մայիսի 3-ին, չորրորդը՝ հուլիսի 1-ին Վիեննայում։ Վերջին հանդիպումից հետո նրանք պայմանավորվել են ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը։ Երևանն ու Անկարան պայմանավորվել են նաև ուղիղ օդային բեռնափոխադրումներ սկսել Հայաստանի և Թուրքիայի միջև։
Մեկնաբանելով Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի համար «կարմիր գիծը» Ադրբեջանն է, և Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հնարավոր կդառնա այս հարցի կարգավորումից հետո։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անթալիայում մասնակցել է մարտի 11-13-ը կայացած դիվանագիտական համաժողովին։ Համաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Արարատ Միրզոյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները։ Չավուշօղլուն հանդիպումն անվանել է «կառուցողական»։