Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լավատեսությամբ է տրամադրված Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացի վերաբերյալ։ Այդ մասին Ալիևը հայտարարել է Աղդամում (Ակնա) տեղի ունեցած Ադրբեջանի քաղաքաշինության ազգային ֆորումում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Նա հույս է հայտնել, որ գործընթացը երկար չի տևի։
«Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղության պայմանագրի հետ կապված, քանի որ վերջերս՝ օրեր առաջ, տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ իր տեսակի մեջ առաջին հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման օրակարգով։ Հուսով ենք, որ դրա համար շատ ժամանակ չի պահանջվի»,- ասել է Ալիևը։
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին համարում է «Ադրբեջանի քաղաքացիներ»։ Իսկ Բաքուն, նրա խոսքով, ոչ մեկի հետ չի քննարկի այս հողում նրանց բնակության հարցը՝ բնակիչների ճակատագիրը համարելով Ադրբեջանի ներքին գործը։
Ադրբեջանի նախագահը նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը. «Միակ բանը, որ արեց Մինսկի խումբը, այն էր, որ որոշ չափով լեգիտիմացրեց Հայաստանի ագրեսիան»։ Ալիևի խոսքով՝ Բաքուն չի կարող թույլ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման փորձեր։