ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն արձագանքել է ԱԺ-ում վարչապետ Փաշինյանի ունեցած ելույթին։
Նշենք, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, երբ մշակվում էին «Մադրիդյան» սկզբունքները։
«Քստմնելի տեսարան էր: Եթե ելույթի ժամանակ էկրանին չնայեի, կթվար՝ Ալիևի ելույթն եմ լսում Միլի Մեջլիսում: «Սեփական կետից» բանակցություններ վարածը և այդ բանակցությունների պատմությունն ու տրամաբանությունը իր «դրական» և «կիրթ» գործընկեր Ալիևից սերտածն ինքնամոռաց վերարտադրում էր նրա տեսակետները և մոտեցումները ՀՀ ԱԺ ամբիոնից»,-նշել է Միկոյանը։
Քոչարյանի ներկայացուցչի խոսքով՝ Արցախը բանակցություններից դուրս թողնելու, Ստամբուլյան խարտիայի և Մադրիդյան սկզբունքների մասին տեղեկատվությունն ամբողջությամբ հրապարակված է։ Վերոհիշյալ փաստերը կհրապարակենք ևս մեկ անգամ՝ այս կեղծիքներն ավելի ցցուն դարձնելու համար:
«Պետք է առնվազն թուրքական տեսակետներ կրող լինել՝ այդ փաստերը թրքահաճո դարձնելով՝ նենգափոխելու համար»,-նշել է նա։
Ըստ Միկոյանի՝ Ադրբեջանը կտրուկ մերժել է Մադրիդյան փաստաթուղթը՝ համարելով այն խիստ պրոհայկական:
«Դիվանագիտության պատմությունը մեկօրյա կեղծիքներով ճղճղոցները չի նկատում, այդ պատմության մեջ մնում են Մադրիդյան փաստաթղթի և Ստամբուլյան փաստաթղթի նման փառահեղ հաղթանակները և, ցավոք, կմնան նաև դավաճանական՝ արդեն ստորագրված, ստորագրվելիք և բանավոր պայմանավորվածություններով կրած ողբերգական պարտությունները»,- նշել է նա: