Պրահայում ավարտվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կողմերը քննարկել են եռակողմ հանդիպման օրակարգը, որը նախատեսված է հաջորդ ամիս Բրյուսելում։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին միջնորդական առաքելության համար և նշել, որ Ադրբեջանն աջակցում է բրյուսելյան ձևաչափին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև գործընկերության հեռանկարների շուրջ։
Հանդիպման ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերին Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացնեն։
Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով հայտարարություն էր տարածել։ Նա նշել էր, որ պայմանավորվել են մեկամսյա ժամկետում համաձայնեցնել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի տեքստը։
Armenia Today-ը կապ հաստատեց Կառավարության մամուլի ծառայության հետ, որպեսզի ճշտի նոյեմբերին անցկացվելիք եռակողմ հանդիպման մանրամասները, սակայն այնտեղից մեզ հայտնեցին, որ չեն տիրապետում հանդիպման մասին որևէ տեղեկատվության: