Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն հայ զինծառայողները, որոնք պատկերված են հիշյալ տեսանյութում»։ Այս մասին գրում է ՊՆ-ն:
Գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհից հնչած դատապարտումներն ու հետաքննություն անցկացնելու կոչերն ընդունելու փոխարեն՝ պաշտոնական Բաքուն փորձում է արդարացումներ գտնել իր զինծառայողների կողմից իրականացված հրեշավոր վայրագություններին։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել, իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը կոչված է կոծկել Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, նշում է ՊՆ-ն։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և զինվորական դատախազությունն ուսումնասիրել և վերլուծել են որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում էջերում հրապարակված տեսանյութերը, որտեղ ադրբեջանական բանակի զինվորները մարտական գործողությունների ընթացքում պղծում են զոհված հայ զինվորների մարմինները, անմարդկային գործողություններ կատարում նաև գերեվարված հայ զինվորների նկատմամբ։
Ապա գրվել էր, որ պարզվել է, որ որոշ տեսանյութեր կեղծ են, մինչդեռ լուրջ կասկածներ են առաջացել այլ ձայնագրությունների հավաստիության վերաբերյալ»,- ասել է Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական, արդարադատության կրտսեր խորհրդական Իլգար Սաֆարովը։