Մենք համակողմանի աջակցություն ենք ցուցաբերում Ռուսաստանին մոտ գտնվող մեր դաշնակից երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ ՌԴ-ի՝ խաղաղության պայմանագիր կնքելու համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին և Ադրբեջանին։ Զախարովան հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մի շարք այցեր է կատարել տարածաշրջան՝ այդ թեմայով խորհրդակցությունների համար։ Մասնավորապես, նման այցելություններ եղել են սեպտեմբերին։
«Նրանք, ովքեր փորձում են կասկածել տարածաշրջանում մեր դերակատարությանը և մեղադրել մեզ անգործության համար, ցանկալին իրականության տեղ են ներկայացնում։ Մենք գործնական աշխատանք ենք տանում։ Այո՛, դա անում ենք ոչ թե ինչ-որ ամսաթվի կամ ինչ-որ գեղեցիկ ձևաչափի համար, այլ այնպես, որ այն կոնսոլիդացնենք կոնկրետ արդյունքներով»,- ընդգծել է Զախարովան։
Նա շեշտել է, որ հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի բարձր զգայունությունը՝ Մոսկվան տեղին չի համարում հրապարակայնորեն մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները։