Հայ ժողովրդին սպառնում են նոր կորուստներ, տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացները կասկածելի են, ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ ելույթ ունենալով Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) համագումարում։
Հայ առաքելական եկեղեցու մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Կաթողիկոսը նշել է, որ համագումարն անցկացվում է Հայաստանի և Արցախի համար ծանր պահին։
«Մեր ժողովուրդը կանգնած է նոր կորուստների սպառնալիքի առաջ։ Ցանկալի խաղաղության հաստատման հետ կապված հարկադրական գործընթացները լուրջ կասկածներ են հարուցում Հայաստանի տարածքային ամբողջականության, Արցախի կարգավիճակի և տարածաշրջանում երկարաժամկետ կայունության վերաբերյալ»,- ասել է նա։
Գարեգին Երկրորդն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի վերջին ագրեսիայի արհավիրքները հաղթահարելու համար Հայաստանին և Արցախին այսօր անհրաժեշտ է աշխարհասփյուռ հայության համախմբումը, ինչպես նաև բարեկամ պետությունների աջակցությունը։
«Ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է հրատապ համախմբել աշխարհով մեկ սփռված մեր ժողովրդին, վերաիմաստավորել և ամրապնդել հայրենիք-սփյուռք հարաբերությունները, համախմբել մեր ազգային ողջ ներուժը»,- ասել է կաթողիկոսը։