Չնայած ստեղծված ծանր իրադրությանը, երբ ՀՀ ինքնիշխան տարածքը տարբեր ուղղություններով մինչև 7.5կմ խորությամբ ճեղքման էր ենթարկվել և թվում էր, թե բոլոր ռեզերվային ուժերը առաջնագծի տարբեր խորություններով տեղակայվել էին, պարզվում է Ոստիկանության զորքերի զորամասերը որևէ ձևով մասնակցություն չեն ցուցաբերում։ Այս մասին
գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նշում է, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո առաջնագիծն ակնհայտորեն ուժեղացնելու՝ լրացուցիչ ուժերով համալրելու խնդիր առաջացավ։ Այդ խնդիրը մի մասով լուծվեց օգոստոսի եռամսյա և հոկտեմբերի երկամսյա հավաքների զորակոչվածների ուժերով, ինչպես նաև՝ աշխարհազորի ու կամավորների ներգրավմամբ։
Պատգամավորը հիշեցնում է, որ Ոստիկանության զորքերի մասին օրենքը սահմանում է, որ զորքերի խնդիրներից է նաև ՀՀ պաշտպանությանը մասնակցելը։
Այդ դեպքում պատգամավորի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ ԿԱՆՈՆԱՎՈՐ զորքերի վրա մարտական խնդիր չի դրվում սահմանագծի որևէ ուղղությամբ և առաջնահերթությունը տրվում է կամավորականին կամ ուսումնավարժական հավաքի մասնակիցներին։
«Սա այն դեպքում, երբ և՛ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների և թե՛ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ (որոշ վերապահումներով), Ոստիկանության զորքերը մասնակցություն են ունեցել»,ժ նշում է Աբրահամյանը՝ շարունակելով.
«Հասկանալի է, որ այս իշխանության համար ոստիկանությունը՝ հատկապես զորքերն ու հատուկ նշանակության ստորաբաժանումները, մահակի դեր ունեն, սակայն դրանք սահմանին չեն կիրառվում նույնիսկ այն ժամանակ, երբ թշնամին ճեղքում է իրականացնում։
Սրանց համար միևնույն է, թե որքան տարածք կկազմի ՀՀ-ն, քանի անգամ և որ ուղղություններով ագրեսիայի կենթարկվի, կարևորը իրենց աթոռները պահեն, ծառայողական մեքենան սարքին լինի, իսկ պարգևավճարները չպակասեն»։
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 10 քառ. հանրապետության կմ տարածք անցել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողությանը: Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 մարդ է։ Սեպտեմբերի 28-ին սահմանին ադրբեջանական սադրանքի արդյունքում ևս 3 հայ զինծառայող է զոհվել։
Ադրբեջանն իր կողմից հայտնել է 77 մահվան մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանն ու Բաքուն միջազգային հանրության աջակցությամբ կարողացան պայմանավորվել զինադադարի շուրջ։