Ռուսաստանի ԱԳՆ-ում Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է Հարավային Կովկասն ապակայունացնելու համար, անվանել են «աղաղակող և բացարձակապես անընդունելի»: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
Նման հարձակումները, Զախարովայի խոսքով, «Արևմուտքի հակառուսական գիծն ընթանում են Ռուսաստանի դեմոնացման ուղղությամբ և վկայում են առճակատման տրամաբանությունը Ուկրաինայից հետխորհրդային տարածքի այլ հատվածներ տեղափոխմամբ, ներառյալ Հարավային Կովկասը տեղափոխելու փորձերի մասին»:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ ի տարբերություն Ֆրանսիայի, որը նույնիսկ Բաքվի և Երևանի միջև սրացումների ժամանակ սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնական առումով աջակցել է հակամարտության կարգավորմանը: «Մեր երկիրը վճռական ներդրում է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման գործում, որը վերջ դրեց արյունահեղությանը: Նշված պայմանավորվածության համաձայն տեղակայված խաղաղապահ զորակազմը մնում է տարածաշրջանում անվտանգության երաշխավորը», – ասված է մեկնաբանության մեջ:
Հենց Ռուսաստանի կողմից է գործարկվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման աշխատանքը։ Ռուսաստանի մասնակցությամբ շարունակվում են ակտիվ ջանքերը խաղաղ օրակարգն առաջ մղելու ուղղությամբ՝ երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հիման վրա, նշվում է մեկնաբանության մեջ: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղ պայմանագրի կնքման, հասարակության և փորձագետների գծով երկխոսության հաստատման ուղղությամբ:
Մոսկվան նշում է, որ Փարիզի փորձերը սեպ խրելու Ռուսաստանի և իր մերձավոր դաշնակիցներ Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունների մեջ, որոնց հետ Ռուսաստանին միավորում են «բազմամյա և բազմակողմանի կապերը, դատապարտված են ձախողման և կհանգեցնեն միայն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը»:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2-ին տված հարցազրույցում Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բախումների նպատակամղված սադրանքի մեջ՝ կովկասյան տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Մակրոնը հայտարարել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է հրահրել հօգուտ Ադրբեջանի։