Հոկտեմբերի 14-ին Աստանայում տեղի ունեցածՀայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը կարևորել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը՝ նոր ագրեսիաները կանխարգելելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Լավրովը Միրզոյանին և Բայրամովին առաջարկել է քննարկել խաղաղության պայմանագիրն ու սահմանազատման շուրջ հարցերը։