Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Հարցին, թե Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ կանցկացվեն Հայաստանում և Թուրքիայում, ինչպես կմեկնաբանի Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունը, Հունանյանը պատասխանել է.
«Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հնչել են տարբեր առաջարկներ՝ այդ թվում սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել այդ առաջարկները»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Անկարայի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները հետագայում տեղի կունենան Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում: