Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ հայտարարել են, որ ղարաբաղյան կողմի հրավերով իրենց աշխատակիցները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ՝ մարտի 31-ի ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնում է«Ամերիկայի ձայնը»։
ԱՄՆ կոնգրեսականներից մեկը հայտարարել է, որ անշուշտ ցանկանում են արդար ընտրություններ տեսնել Արցախում մարտի 31-ին, ուստի որոշել է նաև աշխատակցին ուղարկել՝ ընտրությունների ընթացքին հետևելու։
Պաշտոնական Բաքուն, որը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում, այնտեղ անցնող բոլոր ընտրությունները «օկուպացված տարածքներում քաղաքական շոու» է անվանում:
«Ճանաչի Ադրբեջանը Ղարաբաղի անկախությունը թե ոչ՝ կյանքն այնտեղ շարունակելու է զարգանալ»,- համոզմունք է հայտնել հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրը՝ հավելելով, որ շատ կարևոր է, որ այնտեղի ժողովրդավարությունը շարունակական լինի։
Կոնգրեսի աշխատակիցների թվում ընտրությունների ընթացքի մոնիտորինգ իրականացնելու համար Ղարաբաղ է պատրաստվում մեկնել կոնգրեսական Ֆրենք Փալոնի ավագ խորհրդական Ջեյմս Ջոնսոնը։
«Ուսումնասիրել և տեսել եմ, որ Արցախի նախորդ ընտրությունները եղել են ազատ, արդար և թափանցիկ բոլոր չափանիշներով: Հույս ունենք, այժմ դրանք նույնպես ազատ կլինեն»,- ընդգծել է Ջեյմս Ջոնսոնը։
Չնայած մի շարք կոնգրեսականների որոշմանը, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը նախկինում չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի տարածքում անցած ընտրությունները: