Ամեն անգամ, երբ հարց է ծագում, որ պետք է քննիչների, դատավորների, դատախազների, ոստիկանների աշխատավարձը բարձրացնել, առաջին ռեակցիան այն է լինում, որ այս երկրում այսքան սոցիալական պրոբլեմ կա, դուք էլի «էլիտայի», այսպես ասած, աշխատավարձն եք բարձրացնում և սոցիալական երաշխիքներ ստեղծում: Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց իրականում մենք դա անում ենք ոչ թե այդ մարդկանց համար, ովքեր աշխատավարձ են ստանում, այլ ժողովրդի, հանրության համար, որովհետև այդ մարդիկ ժողովրդի շահերը պիտի պաշտպանեն: Այստեղ էլ կոռուպցիայի կանխարգելման շատ կարևոր նպատակ կա, որ քննիչը, իր աշխատասենյակից դուրս գալով և փողոցում քայլելով, պետք է մարդկանց աչքերին ուղիղ նայելու բարոյական իրավունքը չկորցնի: Բայց մենք նաև նրա թիկունքը պետք է ապահովենք, որպեսզի այդ երևույթներն ավելի զորեղ չգտնվեն, քան այն առաքելությունը, որ հանրությունը, պետությունը, օրենսդրությունը դնում է նրանց առաջ»,- ասել էՓաշինյանը:
Փաշինյանը նշել է նաև, որ հակակոռուպցիոն պայքարի առումով չափազանց կարևորում է այդ գործով զբաղվող մարդկանց սոցիալական երաշխիքների համակարգը: