Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ հոկտեմբերի 20-ին ռուսական Առաջին ալիքով հեռարձակված «Մեծ խաղ» ծրագրի թողարկման պատճառով: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բաքվում կարծում են, որ այդ ծրագրում ռուս քաղաքագետներն ու հայկական ծագում ունեցող փորձագետները «հանդես են եկել բացահայտ հակաադրբեջանական հարձակումներով» և «ռևանշիստական մղումների են հրահրում, հայ հասարակության մեջ վերակենդանացնում են անցյալում մնացած հակամարտությունը»:
Դեսպանատունը ՌԴ ԱԳՆ-ին տեղեկացրել է, որ «ակնհայտ քաղաքական սադրանքներ թույլ տալը հակասում է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը և խաթարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման քայլերը»:
«Մեծ խաղ» հաղորդման եթերում ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հայտարարել է, որ Վաշինգտոնի առաջարկած ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանը հակասում է հայ ժողովրդի շահերին, քանի որ ենթադրում է «Լեռնային Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին՝ առանց ինքնավարության մասին ակնարկների»: Ըստ Միհրանյանի, սա այն դեպքում, երբ Ռուսաստանն Արցախի կարգավիճակի հարցը թողնում է օրակարգում՝ առաջնահերթ համարելով սահմանի սահմանազատման և անվտանգության հարցերը»։
Միհրանյանը նաև ասել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուժեղ ճնշում են գործադրում Հայաստանի տարածքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ճեղքելու համար, այլ կերպ ասած՝ փորձում են ճանապարհ բացել դեպի Մեծ Թուրան, ինչն անընդունելի է Ռուսաստանի ազգային-պետական շահերին:
Միհրանյանն ընդգծել է, որ արցախցիների անվտանգության միակ երաշխիքն այսօր Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունն է, մինչդեռ Արևմուտքը նպատակ ունի դուրս բերել այդ զորակազմը, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը, ինչը հայ ժողովրդի համար հղի է էքզիստենցիալ սպառնալիքներով: Ըստ Միհրանյանի՝ այդ սցենարը հարցականի տակ կդնի հայկական պետականության գոյությունը: