Սեպտեմբերին տեղի ունեցած հարձակման հետևանքով ունենք 240 զոհ և անհետ կորած, մեր սահմանում ներխուժած օտարերկրյա զորք կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստանի Հանրապետությունն ամեն օր ենթարկվում է հարձակման։ Հայաստանն այնքան մեծ չէ, որ հանդուրժի թեկուզ մեկ մետր, և ասի՝ գիտե՞ք, այդ հարաբերություններն այսպես, այդ հարաբերություններն այնպես։ Գուցե ռուսական կո՞ղմն է ուզում քաղաքական կուրսի փոփոխություն անել, որովհետև Հայաստանն այդ ուղղությամբ ոչինչ չի արել։ Հեղափոխությունից հետո ասում էին ռազմաբազա, ՀԱՊԿ, բայց փաստ է, տեսնում ենք, ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս եկել, բայց եթե դուրս է եկել, պետք է դրա մասին տեղյակ պահել կամ գոնե ասել, որ մենք կարողանանք մեր սահմանները պաշտպանելու այլ մեխանիզմներ գտնել»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ մեր հանրությունը հիանալի գիտի, թե ով ինչ է արել, ինչ ռեալ քայլեր են արվել, ինչ քայլեր պետք է արվեին և չեն արվել։
«Մենք պետք է մեր գոյությունը պահպանենք։ Եվ ասել՝ ես մահանում եմ, բայց ես քեզ հավատարիմ եմ մնալու՝ անկախ նրանից, թե դու կպաշտպանես ինձ, թե չես պաշտպանի, կարողանում ես, թե չես կարողանում, բայց ես կմահանամ, ես դրան պատրաստ չեմ»,- նշեց Սիմոնյանը։
Սոչիի հանդիպումից ՀՀ ԱԺ նախագահն ակնկալում է, որ բոլոր գործընկերները, որոնք կան ՀԱՊԿ-ում և մեր հիմնական դաշնակիցն արդեն գիտակցում են, որ հայկական շահի գիծն այլևս կանգնել է և Հայաստանը հետքայլ անելու հնարավորություն չունի։
«Ամեն ինչ անելու ենք՝ ՀՀ շահերը, հայ ժողովրդի և արցախցիների շահերը պաշտպանելու համար։ Հաճախ ասում են՝ Արցախի մասով ոչինչ չեն ասում, ոչ, նման բան չկա»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը։
Նա հավելեց, որ ՀՀ-ն սպասում է ՀԱՊԿ-ի արձագանքին և այդ արձագանքն այս փուլում պետք է լինի քաղաքական։ Հետագայում, եթե պարզ դառնա, որ ՀԱՊԿ-ը, այնուամենայնիվ, որոշել է դուրս գալ տարածաշրջանից, մենք կկանգնենք փաստի առաջ, բայց ՀՀ իշխանություններն այսօր նման հարց չեն քննարկում, այլ սպասում են գործողությունների։