Եռակողմ հայտարարությունը, որն ընդունվեց երեկ Սոչիում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո, շատ հատկանշական է: Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:
«Ինչո՞ւ է հատկանշական, որովհետև հարցը միայն այն չէ, թե ինչ են ուզում, օրինակ, Արևմուտքը կամ Ռուսաստանը: Տվյալ պահին գոնե Ռուսաստանը չի ուզում, որ իր կոնտինգենտը հեռանա Արցախից: Բայց, միևնույն է, ընդունվել է պրոադրբեջանական տեքստ, որտեղ Արցախին, հայկական հետաքրքրության դաշտում եղած որևէ հարցի հղում չկա: Այդ հայտարարությունը հայկական շահերին հակասում է: Ստացվում է, որ նույնիսկ այն պարագայում, երբ Ռուսաստանն օբյեկտիվորեն Արցախում իր ներկայությունը պահելու շահ ունի, մենք չենք կարողանում մեր շահերն առաջ տանել: Սա նախ ցույց է տալիս, թե որքան են ուժեղացել Թուրքիան ու Ադրբեջանը և որքանով կարող են տվյալ դեպքում ազդել Ռուսաստանի վրա»,- ասաց Միքայելյանը:
Նրա խոսքով՝ վերոնշյալը նաև ցույց է տալիս, թե որքան վատ վիճակում կարող է գտնվել հայկական դիվանագիտությունը: Ըստ փորձագետի, այս պահի դրությամբ՝ յուրաքանչյուր դաշտում ընդունվում են մոտավորապես նույնաբովանդակ հայտարարություններ, որոնք ընդհանրապես չեն բխում ՀՀ շահերից:
«Կարծում եմ՝ սա է ամբողջ հանդիպման կարևոր արձանագրումը. խնդիրը ոչ թե Մոսվայում, Սոչիում, Վաշինգտոնում կամ Բրյուսելում է, այլ Երևանում: Այնպես որ, այստեղ խնդրի պարզ լուծում չկա: Չկա այնպիսի տաբերակ, որ եթե մեկը կամ մյուսն ընտրենք, մեր հարցերը լուծվելու են: Մեր հարցերի լուծման համար մենք, առհասարակ, շատ ավելի բարձր մակարդակի պետական կառավարում, պլանավորում և դիվանագիտություն պետք է իրականացնենք: Ավելի բարձր մակարդակի քաղաքականության կարիք կա, որի դեպքում, միգուցե, որոշակի հեռանկարներ լինեն: Այս պահի դրությամբ, սակայն, մենք դիվանագիտության առումով բոլոր դաշտերում ակնհայտորեն պարտվում ենք»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը՝ Արցախը հայտարարության մեջ որպես տեղակայման գոտի հիշատակվեց և հարցին՝ ի՞նչ է ստացվում, Ռուսաստա՞նն էլ է իր համար փակել Արցախի էջը, թե՞ այլ խնդիրներ կան, փորձագետը նշեց.
«Ոչ: Ռուսաստանում էլ ակնհայտորեն խնդիր կա: Այդ հանգամանքը չեմ շեշտադրում, որովհետև ռուսաստանյան խնդիրը մեզ համար օբյեկտիվ իրականություն է, որի վրա դժվար թե մենք կարողանանք ազդել: Այս ամենը ես դիտարկում եմ ավելի շատ քաղաքականության պլանավորման և իրականացման տեսանկյունից, որովհետև ինձ համար, ամեն դեպքում, կարևոր է, թե այս ամենից հետո իրավիճակը փոխելու համար Երևանն ի՞նչ կարող է անել, որի սխալներն ակնհայտ են հենց հանդիպումներին հաջորդող հետևանքներով»,- նշեց նա:
Միքայելյանի խոսքով՝ ՌԴ-ն ակնհայտորեն թուլանում է: Ամեն քայլն ավելի թույլ է նախորդից, ամեն քայլով ավելի է հեռանում տարածաշրջանից:
«Ամեն քայլով ինքն իր քաղաքական կողմնորոշվածությունն ու դեմքը կորցնում է, տրվում հոսքերի, որոնք այս պահի դրությամբ դասավորվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Մեծ տերությունն իրավունք չունի ուղղակի գալ ու ասել՝ միանամ գործընթացներին: Այդպիսով ընդգծում է, որ ինքը ոչ թե գործոն, այլ ընդամենը դիտորդ է: Ռուսաստանից անվտանգության երաշխավոր լինելու ակնկալիքներ կան, բայց դիտորդի կարգավիճակով չես կարող անվտանգության երաշխավոր լինել»,- ասաց նա:
Հրանտ Միքայելյանը նշեց, որ վերոնշյալը լուրջ խնդիր է մեզ համար. «Չի բացառվում, որ մեր խնդիրները տեղ-տեղ հենց այդ հանգամանքից են բխում: Սա իրողություն է, բայց շեշտն, իրականում, Երևանի վրա է: Իհարկե, կարելի է մեկին քննադատել, մյուսին փառաբանել, ինչպես ոմանք են անում, բայց էականն այն է, որ Երևանը թերանում է ու մնացածներն աշխատում են թերացման հետևանքների հետ»:
Փորձագետը չի բացառում, որ այս հայտարարությունը կարող է սրել սահմանային իրավիճակը՝ Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման համատեքստում:
«Չեմ բացառում, որովհետև այդ հայտարարության այն հատվածում, ուր խոսվում է ուժի և ուժի սպառնալիքի բացառման մասին, շատ ավելի մեղմ ձևակերպումներ են տրված: Այդ հատվածն անգամ չի առանձնացվել և ճիշտ ներկայացված չէ: Եթե ճիշտ ձևակերպված լիներ, կլիներ ձևակերպում, ըստ որի ցանկացած ուժի կիրառում կամ ուժի սպառնալիք վտանգում է բանակցային գործընթացը և սկզբուքորեն անընդունելի է»,- ասաց նա:
Միքայելյանն ընդգծեց, որ մինչդեռ, խոշոր հաշվով, նման ձևակերպումներ չեն եղել: «Մեծ հաշվով՝ այս եռակողմ հայտարարությունն ուղղված է միայն մեզ պարտադրելուն և հայկական խնդիրների լուծումներ չի ենթադրում: Այս հայտարարությունն ընդամենը միտված էր նրան, որ Ռուսաստանն էլ հասցնի իր դերն ընգծել գործընթացում: Թե՛ բրյուսելյան, թե՛ վաշինգտոնյան, թե Սոչիի գործընթացների բնույթներն իրարից առանձնապես ոչնչով չեն տարբերվում, ինչը բխում է ոչ թե Բրյուսելի ու Մոսկվայի, այլ Երևանի ու Բաքվի միջև առկա հարաբերակցությունից»։
Խոսելով նաև Վլադիմիր Պուտինի այն հայտարության մասին, թե եղել են որոշ հարցեր, որոնց շուրջ համաձայնության գալ չի հաջողվել, փորձագետն առանձնացրեց երկուսը:
«Առհասարակ, ընդունված է ասել, որ «ոչինչի շուրջ համաձայնություն չկա, եթե չկա համաձայնություն ամեն ինչի շուրջ»: Այստեղ իրականում շատ հարցերի շուրջ համաձայնություն չկա, բայց գլխավորը երկուսն են: Երևանի համար կարմիր գիծը միջանցքն է, որի մասին մի քանի անգամ Փաշինյանը հայտարարել է, իսկ Բաքուն ցանկանում է Արցախն ամբողջապես ենթարկեցնել իրեն: Քանի որ այս հարցերում համաձայնություն չկա, պարզ է, որ խնդիներ կան»,- եզրափակեց Միքայելյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները եռակողմ հանդիպում են ունեցել և ընդունել են հայտարարություն, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները ողջունել են ՌԴ պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։
Աննա Բադալյան