ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության և դիմակայության վտանգը պահպանվում է: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Այս տարի մեր կազմակերպության պատասխանատվության գոտում տեղի ունեցած իրադարձություններն ու միջադեպերը ցույց տվեցին ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմի օպտիմալացման անհրաժեշտությունը։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանձնարարությամբ նախապատրաստվել և համաձայնեցվում է այդ հարցի վերաբերյալ փաստաթղթերի համապատասխան փաթեթը»,-ասել է նա։
Սեմերիկովն ընդգծել է, որ աշխարհակարգի վերափոխման ներկայիս շրջանը դարձել է պետությունների միավորման ամենալուրջ փորձությունը։
Հունվարի 10-ին Ղազախստանի հարցով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի համար, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը առանցքային առաջնահերթություններից է: