ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 5-րդ օրն է՝ քննարկվում է 2023 թվականի բյուջեն, որտեղ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ներկայացրեց բյուջեով նախատեսված ծրագրերը եկող տարվա համար:
Նախարարի ներկայացմամբ՝ 2022 թվականի բյուջեով հաստատվել էր 579,8 միլիարդ դրամ, 2023 թվականին հատկացումների թիվը կկազմի 648,5 միլիարդ դրամ, այսինքն՝ 11 տոկոսով ավելի:
Ժողովրդագրական վիճակի բարելավում
Ծրագրով նախատեսվում է 51 մլրդ 96 միլիոն 176 հազար դրամ: Եկող տարի էապես կավելանա մինչև երկու տարեկան երեխայի խնամքի գծով նպաստի չափը՝ կազմելով 20 մլրդ 350 միլիոն դրամ: 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր երեխաների մայրերին կտրվի նպաստ՝ անկախ հաշվառման, բնակության վայրից: Արդյունքում շահառուների թիվը կավելանա՝ ի հաշիվ չաշխատող քաղաքաբնակ, ինչպես նաև վարձու աշխատող հանդիսացող, բայց խնամքի արձակուրդում չգտնվող մայրերի:
Նպաստի չափը հունվարից կսահմանվի 37,500 դրամ՝ հունվարի 1-ից հետո ծնվածների համար, իսկ մինչ այդ ծնվածների դեպքում 31 600 դրամ՝ ներկայիս 28 600 դրամի փոխարեն: Գյուղաբնակ աշխատող և խնամքի արձակուրդում գտնվող խնամողը կստանա 69 100 դրամ, իսկ մինչ հունվարի 1 ծնվածները՝ 63 200 դրամ: Կպահպանվեն միանվագ նպաստների գործող չափերը:
Բազմազավակ և երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրով նախարարությունը հատկացնում է 1 միլիարդ 290 միլիոն դրամ: Այս ծրագրով 2022 թվականին 2300 ընտանիք աջակցություն է ստացել: Կպահպանվի երրորդ և հաջորդ երեխայի խնամքի նպաստը: Կբարձրանան սոցիալական աշխատողների աշխատավարձերը, կբարելավվեն խնամքի կենտրոնների շենքային պայմանները:
Պայքար գործազրկության դեմ
2023 թվականին նախատեսվել է 1 միլիարդ 601 միլիոն 875 հազար դրամ ուղղել զբաղվածության ապահվմանը: Նախատեսվում է իրականացնել զբաղվածության ապահովմանն ուղղված միջոցառումներ, ծրագրում ընդգրկել 5 215 շահառուի, որի մի մասին ժամանակավոր կամ սեզոնային աշխատանքներում ներառել: Նախարարությունը մշակել է զբաղվածության 5 նոր ծրագիր, թեև նախկին ծրագրերը շարունակվելու են նաև 2023-ին: Ոլորտի բարելավման համար գործում է աշխատանքի առցանց բորսա, որը ԱԶԲ-ի դրամաշնորհի միջոցներով է գործում: Ծրագրի արժեքը ավելի քան 308 միլիոն դրամ է: Այսպիսով պետությունն աշխատաշուկայի մասին կունենա ամբողջական պատկեր, իսկ աշխատողը կգտնի իր գործատուին կամ հակառակը:
Բնակարանային ապահովում
Ծրագրով նախատեսվել է 3 միլիարդ 835 միլիոն 81 հազար դրամ, որը 3,5 անգամ ավել է 2022 թվականի բյուջեից: Այն հնարավորություն կտա Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընանիքներին ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել բնակելի տուն, ինչի համար նախատեսվել է 2 միլիարդ դրամ: Եթե այդ տունը կառուցվի սահմանաերձ համայնքում, քաղաքացին կստանա լրացուցիչ աջակցություն: Մասնավորապես՝ ձեռքբերման համար կտրամադրվի 14 միլիոն դրամ, իսկ կառուցման դեպքում մինչև 16 միլիոն հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար, իսկ տոկոսային մարման համար մինչև 13 տոկոս:
Նախարարությունը մշակել է 201 ընտանիքի բնակարանային ապահովման ծրագիր, որում ներառված են նաև ՊՆ համակարգի զոհված, մահացած, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անօթևան կամ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող 65 ընտանիքների: Նաև բնակարանային պայմանների բարելաման կարիք ունեցող 100 զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց կամ ընտանիքներին:
Թվով 36 բնակարան կստանան Լոռու Սպիտակ քաղաքում՝ վթարային շենքի փոխարեն նոր բազմաբնակարանային շենքի կառուցման արդյունքում:
Կենսաթոշակային ապահովության ծրագիր
2023 թվականին ծրագրի համար նախատեսվել է 422 միլիարդ 304 միլիոն 770 հազար դրամ գումար: Աճը այս տարվա նկատմամբ 9,9 տոկոս է:
Նվազագույն կենսաթոշակի չափը 31 600 դրամ է, հուլիսի 1-ից այն նախատեսվում է դարձնել 36 000 դրամ: Աշխատանքային թոշակի հաշվարկման համար ստարտային նվազագույն աշխատավարձը 21 000 դրամ է: Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը 525 դրամ է: Զինվորական կենսաթոշակը հաշվելու համար հիմնական թոշակը 20 000 դրամ է, մեկ տարվա ստաժը՝ 1 700 դրամ: Պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի հաշմանդամության կենսաթոշակի չափը առաջին կարգի համար դառնում է 50 600 դրամ, երկրորդի համար 41 400 դրամ, երրորդի համար՝ 33 000 դրամ: Զոհված շարքային զինծառայողի ընտանիքին տրվող թոշակը 38 000 դրամ կդառնա: Զինվորական կենսաթոշակի միջին կենսաթոշակի չափը կկազմի 89 000 դրամ: