Կեչուտի ջրամբարի հրետակոծությունը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ։ Այս մասին Շարմ Էլ Շեյխում ընթացող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
Նրա խոսքով՝ պատերազմի ազդեցությունն էկոհամակարգերի վրա տարբեր է և պայմանավորված է հակամարտության ծավալով և տևողությամբ, ինչպես նաև կիրառված զենքի տեսակներով:
«Ցավոք, վերջերս Հայաստանն առերեսվեց նման մարտահրավերի։ Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան շրջանների խիտ բնակեցված քաղաքները, այդ թվում՝ Ջերմուկ քաղաքը ենթարկվել էր ծանր հրթիռակոծության: Նշված շրջանների դեմ ռազմական գործողությունները, ուղեկցվել էին լայն սպառազինության՝ զգալի վնաս պատճառելով եզակի բնապահպանական համալիրին։ Կեչուտի ջրամբարի հրետակոծությունը ևս կարող էր հանգեցնել մեծաթիվ մարդկային զոհերի, իսկ շրջակա միջավայրի վրա ունենալ աղետալի հետևանքներ»,- ասել է նախագահը:
Նա ընդգծել է, որ չնայած Հայաստանում առկա մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին՝ կլիմայի փոփոխության օրակարգը շարունակում է առաջնային տեղ զբաղեցնել կառավարության ձևավորած օրակարգում: