Շատ վատ է, որ ՀՀ-ում ընդդիմություն չկա: Նախկին իշխանություններն իրենց ֆինանսների, նախկին օլիգարխների շնորհիվ այդ ընդդիմադիր դաշտը փակում են առողջ ուժերի համար, բայց դա ժամանակի հարց է: Այս մասին լրագրողների զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նշել է որ խորհրդարանական ընդիմությունը չի կարողանալու հաջորդ փուլում զբաղեցնել ընդդիմության դաշտը:
«Վստահ եմ, որ «Հայաստան» դաշինքը մասնատվելու է, ապագա չունեցող քաղաքական ուժեր են»,-նշել է նա:
Անդրադառնալով մի շարք պատգամավորների նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ շրջաբնառվող լուրերին՝ նա ոչինչ չբացառեց. «Ես չեմ բացառում, որ շատ մարդիկ, ովքեր օրենքի հետ խնդիրներ են ունեցել ու կարծել են, որ պատգամավորական մանդատն իրենց ինչ-որ ձևով կարող է պաշտպանել, կհասկանան, որ դա հնարավո չէ»:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցին Հայաստան՝ նա նշեց, որ այցը, այցի օրակարգը վերջնականապես հաստատված չէ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ եկող շաբաթ՝ նոյեմբերի 22-ին, նախատեսվում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։ Չնայած իշխանական թեւը լծվել է այդ այցն իբրեւ հայ-ռուսական էլիտաների բարեկամության առհավատչյա ներկայացնելու գործին, ավելին` դեռ այս տարվա մայիսի 12-ին՝ Դուշանբեում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անոնսեց, թե նոյեմբերին պետական այցով Պուտինը կգա Հայաստան, սակայն այցն այս անգամ էլ չի լինելու պետական մակարդակով։
Նոյեմբերի 23-ին Հավաքական անվտանգության խորհրդի՝ ՀԱՊԿ-ի հերթական նիստն է տեղի ունենալու Երեւանում, եւ Երեւան են գալու նաեւ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարները։
Վերջին անգամ Պուտինը Հայաստան է ժամանել 2019-ին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում, որին մասնակցեց նաեւ Իրանի նախկին նախագահ Ռոհանին։