Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) նախագահ Մուստաֆա Շենթոփի գլխավորած պատվիրակությունը հինգշաբթի այցով ժամանել է Թուրքմենստան, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Այցի ընթացքում Շենթոփը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա և ելույթ կունենա Թուրքմենստանի խորհրդարանում։
Թուրքական Yenicag թերթի փոխանցմամբ՝ Շենթոփը, լրագրողների հետ զրույցում, խոսելով էներգակիրների փոխանցման ուղիների երկայնքով անվտանգության տարբեր խնդիրների մասին, ասել է, որ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տանող միջանցքը շատ կարեւոր է դարձել։
Նշելով, որ որոշ երկրներ, օրինակ՝ Ադրբեջանը, որոշել են ավելացնել բնական գազի մատակարարումները Եվրոպա, Շենթոփն ասել է. «Շատ կարևոր է, որ թուրքմենական գազը նույնպես ակտիվացվի էներգակիրների պակասի այս պահին», – ասել է նա։
Շենթոփը նաև նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելեն Թուրքմենստան և ջանքեր կգործադրեն եռակողմ էներգետիկ համաձայնության հասնելու համար։