Պատմությունն ու կյանքն ապացուցում են, որ այն ռազմական մոդելը, որը կար հետսովետական տարածքում, իրեն արդեն չի արդարացնում և դրա ապացույցները բազմաթիվ են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այս մասին առնվազն իր հետևություններն արել է և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Սիմոնյանը նշեց, որ այս մասին պարզ է դարձել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ժամանակ։
Խոսելով ՀԱՊԿ երեկ տեղի ունեցած գագաթնաժողովի մասին՝ ԱԺ նախագահն ասաց, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է և ռազմական օգնության ակնկալիքից զերծ, կարող են լինել նաև քաղաքական սպասելիքներ, գնահատականներ։
«Այդ քաղաքական գնահատականը, տեքստը նույնպես բավարար չի եղել»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով փաստաթղթի չստորագրելու պատճառը։ Պատասխանելով հարցին, թե համաձայնագրի որ հատվածը չի կատարվել, Սիմոնյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ ՀՀ-ն լքելուն։
«Այսօր երրորդ երկրի զորքերը գտնվում են ՀԱՊԿ տարածքում, և ես չգիտեմ ՀԱՊԿ երկրները դրա հետ ոնց են մերվում կամ դա բացատրում կամ դրա շարունակությունը տեսնում»,- նկատեց Սիմոնյանը։