Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման 5-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Նա իր ելույթում շնորհավորել է ՀՀ և Եվրոպական միության միջև 2017 թվականին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հնգամյա հոբելյանի կապակցությամբ:
«Ստորագրումից ի վեր Համաձայնագիրը եղել է Կառավարության հիմնարար բարեփոխումների հենասյուներից մեկը՝ նպաստելով եվրոպական լավագույն փորձի հիման վրա ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ներառական և մրցակցային տնտեսության ձևավորմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի շարունակական զարգացմանը: Մենք վստահ ենք, որ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը զգալիորեն կբարելավի մեր քաղաքացիների կյանքի որակը, քանի որ այն առնչվում է մեր պետության և մեր քաղաքացիների զարգացման համար անհրաժեշտ բոլոր առանցքային ուղղություններին»-ասել է փոխվարչապետը՝ շեշտելով, որ 5 տարիների ընթացքում Կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ապահովելու փաստաթղթի պատշաճ և ժամանակին կիրարկումը:
«Կցանկանայի հատուկ մատնանշել մի քանի առանցքային ռազմավարություն, որոնք հաջողությամբ մշակվել և իրականացվում են CEPA-ի ներքո մեր համագործակցության շրջանակում: Դրանք են Մարդու իրավունքների պաշտպանության, Դատաիրավական բարեփոխումների և Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունները»,-հավելել է Մ. Գրիգորյանը: