Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, չի արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը։ Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին երեկ լրագրողներին հայտնել Է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
«Խորհրդարանականների այս նախաձեռնությունը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ընդունվել է միանգամայն անկախ՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքին»,-ասել Է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հայտնի է։ Նա հիշեցրել է ԱԳ նախարար Կատրին Կոլոնի հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան շարունակելու է կողմերին հորդորել առաջ շարժվել բանակցություններում, որպեսզի օգտվի խաղաղության հասնելու հնարավորությունից»:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է նաև մի բանաձև, որը պահանջում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դադարեցում և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատում: Բանաձևի օգտին քվեարկել է 256 պատգամավոր։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը պահանջում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դադարեցում և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատում: Բանաձևի օգտին քվեարկել է 256 պատգամավոր։ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևում, մասնավորապես, խստորեն դատապարտվեց սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի հարավային և հարավ-արևելյան շրջանների դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ինքնիշխանության խախտումը։ Խորհրդարանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի ռազմական օկուպացիան և անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական զորքերը, ինչպես նաև խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների պայմանները։