Դեռ հնարավոր է ամեն ինչ փրկել, ուստի կլինի նոր փողոցային պայքար: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ եթե մարդիկ անսային իրենց հորդորին, գիտակցեին, որ գնում ենք ավելի վատթար իրավիճակի և միանային փողոցային պայքարին, վիճակն ավելի լավ կլիներ:
Հարցին, թե այս պահին ինչի՞ն պետք է աջակցեն քաղաքացիները, Խաչատրյանն ասաց՝ երբ կոչ են անում դուրս գալ փողոց, պետք է հավատա՛լ և դո՛ւրս գալ: Նա նաև ընդգծեց, որ ընդդիմությունն աշխատում է և՛ խորհրդարանում, և՛ խորհրդարանից դուրս:
Լրագրողներին հարցին, թե ընդդիմությունը մեղավոր չէ՞ այս իրավիճակի համար, երբ խոստանում էր փրկել Արցախը և Հայաստանը, պատգամավորը պատասխանեց.
«Կարծում եմ՝ Արցախը և Հայաստանը փրկելու պարտականությունը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է: Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները, եթե հավատային մեր այն հորդորին, իրավիճակն ավելի լավը կլիներ»:
Նշենք, որ ընդդիմության վերջին հանրահավաքը եղել է նոյեմբերի 5-ին, երբ ի պատասխան Արցախից հնչեցված պահանջների ընդդիմությունը ՀՀ-ում աջակցության հանրահավաք և երթ կազմակերպեց: