ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություններին, առկա տարբերակներին, խոսել նաև Ադրբեջանի վերջին սադրանքների մասին:
Խաղաղության պայմանագրի նոր տարբերակն է փոխանցվել, մինչև տարեվերջ ստորագրելու լավատեսություն այլևս չկա
«Վաշինգտոնի հանդիպումից հետո այս ամսվա սկզբին Ադրբեջանը խաղաղության պայմանագրի տեքստի իր տարբերակն է փոխանցել ՀՀ-ին: Հայաստանը հիմա այդ տեքստի վրա է աշխատում, որ փոխանցի Ադրբեջանին: Պատրաստվում ենք մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել՝ տեսնելու, թե ինչպես են աշխատանքներն ընթանում: Մենք շարունակում ենք աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ: Աշխատում ենք, որ ադրբեջանական կողմից ստացած տեքստը մեր նկատառումներով վերադարձնենք Ադրբեջանին»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչն է խոչընդոտում խաղաղության պայմանագրի ստորագրմանն այն դեպքում, երբ ՀՀ իշխանություններն ամիսներ առաջ բավականին լավատես էին այդ հարցում, նա նշեց. «Մենք ասում էինք՝ մեր ջանքերը կներդնենք, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրվի: Հայաստանը, ի դեմս իշխանության, իր ամբողջ ջանքերը ներդրել է, որ կարողանանք մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենալ: Հիմա դժվար է ասել, որ մինչև տարեվերջ կստորագվի խաղաղության պայմանագիրը, բայց մենք շարունակելու ենք աշխատել»:
Հարցին՝ խաղաղության պայմանագրի հետ կապված Արևմուտքի և ՌԴ-ի մեջ մրցակցություն կա՞, թե՞ ոչ՝ նա նշեց. «Խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա. մեկն առաջարկել է ՌԴ-ն, մյուսը վերոնշյալ տեքստն է, որի վրա աշխատում ենք: Արևմուտքը խաղաղության պայմանագրի որևէ տեքստ մեզ չի առաջարկել: Ո՛չ Բրյուսելից, ո՛չ էլ Վաշինգտոնից խաղաղության պայմանագրի որևէ թուղթ ՀՀ իշխանությունը չի ստացել»:
Ադրբեջանը խոսում է ԼՂ-ի մասին՝ առանց հստակեցնելու
Նրա խոսքով՝ դեռևս վերջնական որոշում չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հարցը լուծվելու, թե հարցի լուծման առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու:
«Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը: Երևանը կողմ է, որպեսզի ստեղծվի մեխանիզմ, ըստ որի՝ ԼՂ-ի և Ադրբեջանի միջև իրավունքների և անվտանգության վերաբերյալ քննարկում տեղի ունենա: Դա կարող է ֆիքսվել և՛ խաղաղության պայմանագրով, և՛ միջազգային այլ մեխանիզմով»,-ասաց Ա. Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է Արցախի մասին հիշատակմանը խաղաղության պայմանագրի առկա տեքստում՝ նա շեշտեց. «Խաղաղության պայմանագրում կան որոշակի նախադասություններ, որոնցից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խոսում է ԼՂ-ի մասին, բայց՝ առանց հստակեցնելու: Հայկական կողմի մոտեցումը հետևյալն է. եթե ԼՂ-ի մասին որևէ ակնարկ կա, ապա այն պետք է հստակ նշվի: Կա՛մ խաղաղության պայմանագրում Արցախի մասին հստակ պետք է նշվի, կա՛մ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ: Մենք աշխատում ենք այդ հստակեցման ուղղությամբ»:
Չեղարկված հանդիպում ու նոր հանդիպման հնարավորություն
Անդրադառնալով Ալիևի կողմից դեկտեմբերի 7-ի Բրյուսելի եռակողմ հանդիպումը չեղարկելուն ու հանդիպում կազմակերպելու ՌԴ պատրաստակամությանը՝ նա նշեց. «Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունից հետո որոշակի խնդիրներ են ստեղծվել, բայց Հայաստանը քննարկում է բոլոր տարբերակները: Հայաստանը շարունակում է դիտարկել հնարավոր հանդիպումը, որը կարող է լինել Սանկտ Պետերբուրգում, Բրյուսելում կամ որևէ այլ տեղ»:
Ադրբեջանական սադրանքները, անվտանգության երաշխիքները
Արմեն Գրիգորյանն Ադրբեջանի՝ վերջին օրերի մի շարք գործողություններ սադրանք է որակել:
«Բնականաբար, պրովոկացիա է: Բոլորի համար էլ հասկանալի էր, որ այնտեղ որևէ բնապահպանական հարց չկա: Բոլոր այդ պրովոկացիաները խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Քանի որ Լաչինի միջանցքն ամբողջովին գտնվում է ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ, բնականաբար, աշխատանք է տարվում, որ Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովվի ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության: Հայաստանն ու Արցախն ամեն ինչ անում են, որ Արցախի համար անվտանգության երաշխիքներ ստեղծվեն»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Երեկ էլ Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն ադրբեջանցի լրագրող նեկայացած մի շարք անձանց թույլ չէր տվել մուտք գործել Արցախ:
Մանրամասները՝ տեսանյութում: