Մոսկվան կոչ է արել Հայաստանի իշխանություններին արտահայտել իրենց դիրքորոշումը արցախահայության ինքնորոշման իրավունքի հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այն հարցը, թե Հայաստանը վավերացրել է Ալմա-Աթայի հռչակագիրը վերապահումով, որ այն չի վերաբերում Արցախին, որը հռչակագրի ստորագրման պահին չի եղել Ադրբեջանի կազմում։
«Քաղաքական տարբեր հոսանքների ներկայացուցիչների (հայտարարությունների – խմբ.) ողջ կարևորությամբ հանդերձ, այնուամենայնիվ, պետք է հասկանալ պետության պաշտոնական, միասնական, նույնիսկ ոչ թե տեսակետը, այլ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Քանի որ, սկզբունքորեն, այն ամենին, ինչ ասել է Սերգեյ Վիկտորովիչը (Լավրովը), ես չգիտեմ՝ ինչ ավելացնել առանց համապատասխան դիրքորոշման, որը Երևանում պաշտոնապես ձևակերպված կլիներ որպես միասնական դիրքորոշում», – ընդգծել է Զախարովան։
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եվրոպական անվտանգության խնդիրներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմի ստորագրած համաձայնագիրն այն մասին, որ խաղաղության պայմանագիրը և սահմանազատումը կիրականացվի ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, լուծում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: