Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին։
«Ցավոք, մենք տեսնում ենք լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Համոզված եմ, որ տեղեկացված եք, որ վերջերս Լաչինի միջանցքն անգամ արգելափակվել է»,- ասաց վարչապետը։
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում «լուրջ մտահոգություններ կան այս կապակցությամբ»։ Փաշինյանը նշել է, որ հանդիպման ընթացքում հույս ունի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարևոր հարցերը։
Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է փոխադարձ առևտրի «տպավորիչ» աճը։
«Հուսով եմ, որ ԵԱՏՄ մեխանիզմների կատարելագործմամբ հնարավոր կլինի պահպանել այն թափը, որն արդեն ուրվագծվել է»,- ասել է Փաշինյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերը։
«Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 30%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ առաջատար, հավանաբար նույնիսկ հիմնական ներդրողներից մեկը (Հայաստանի)՝ ներդրումների մոտ 40%-ը: 2022 թվականի առաջին տասը ամիսներին ապրանքաշրջանառության աճը կազմում է 67 տոկոս, սա բավական լուրջ, շատ լավ, դրական ցուցանիշ է»,- ընդգծել է Պուտինը։