Ներքին գործերի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կփոխարինի ՀՀ ոստիկանության պետին՝ որպես լիազորված անձ: Այս մասին Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը քննարկելիս ասաց արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով, փակ քննարկման ժամանակ մանրամասն անդրադարձ է կատարվել ՆԳՆ ձեւավորման հարցին, որոշակի ճշգրտումներ են կատարվել փաթեթը բարելավելու եւ հնարավոր տեխնիկական բացերը հարթելու համար։
«Աշխատանքային քաղաքականության մշակման մասը բացառվել է ՆԳՆ-ի գործառութային բազայից, քանի որ կառավարությունը գտնում է, որ աշխատանքային քաղաքականությունը պետք է շարունակի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ ՆԳՆ-ն պարզապես կարող է նպաստել տարբեր գործընթացների իրականացմանը»,- նշեց նա։
Սարգսյանի խոսքով, ոստիկանության զորքերի հրամանատարին նախագահի փոխարեն կնշանակի վարչապետը:
«Առաջարկվում էր պահպանել նախագահին ոստիկանության բարձրագույն կոչումներ շնորհելու կարգը, սակայն հաշվի առնելով, որ ոստիկանությունը դառնում է ՆԳՆ ենթակայության պետական մարմին, այս կանոնակարգը չի կարող գործել, բացառությունը միայն ՈԶ-ին է վերաբերում»,- ասաց նա։
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց:
Խոսելով ՆԳՆ ստեղծման կարևորության մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ կառավարությունը նախաձեռնել է այս բարեփոխումը օպտիմալ ինստիտուցիոնալ կառուցվածք ձևավորելու և աշխատողների համար սոցիալական երաշխիքների հուսալի համակարգ ներդնելու նպատակով։ Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներքին գործերի նախարարության ստեղծումն անվանել է Հայաստանի իրավապահ համակարգի համար կարևորագույն քայլ։