Ադրբեջանցիների մեծամասնությունը (55,9%) անհնար է համարել Լեռնային Ղարաբաղում հայերի հետ միասին ապրելը, ասվում է Սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից դեկտեմբերի 5-11-ն անցկացված հարցման արդյունքների մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հարցին, թե հնարավոր համարու՞մ եք Ղարաբաղում հայերի հետ միասին ապրելը, հարցվածների 55,9%-ը պատասխանել է «ոչ մի դեպքում», իսկ 37,7%-ը՝ «այո, միայն պայմանով»։ Պատասխանի «այո, բոլոր դեպքերում» տարբերակն ընտրել է հարցվածների 4.4%-ը։ Հարցին դժվարացել է պատասխանել 2%-ը։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ սահմաններով եք ճանաչում Հայաստանի տարածքը, հարցվածների 41,3%-ը պատասխանել է, որ Հայաստանի տարածքը չեն ճանաչում ներկայիս սահմաններով, 22,6%-ը ճանաչում է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության օրոք (1918-1920 թթ.) եղած սահմանները, 16,2%-ը՝ ԽՍՀՄ գոյության ժամանակ, 11,5%-ը՝ 44-օրյա պատերազմից հետո, հարցման մասնակիցների 3,3%-ը տվել է այլ պատասխաններ այս հարցին, 5,1%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 390 մարդ: Այն անցկացվել է հեռախոսային հարցազրույցի տեսքով՝ Ադրբեջանի 12 տնտեսական շրջաններում։
Սեպտեմբերին անցկացված հարցման ժամանակ 68,6%-ը հնարավոր չէր համարել Ղարաբաղում հայերի հետ համատեղ ապրելը «ոչ մի դեպքում», մոտ մեկ երրորդն (27%) ընդունել էր նման հնարավորությունը, բայց «միայն պայմանով»։