ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկվա քննարկումը միանշանակ վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման հարցում միջազգային հստակ և միանշանակ կոնսենսուսի մասին։ Այս մասին Twitter-ում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ հաղորդակցությունը պետք է վերականգնվի»,- ընդգծել է նա և հավելել, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների արդարացի և սկզբունքային դիրքորոշումը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 20-ին կայացած նիստում քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամները, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների ներկայացուցիչներ հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: