ՄԱԿ-ում ՌԴ-ի ներկայացուցչի ելույթը գնահատում եմ բացասական, որովհետև համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել, դա արեցին երկրներ, որոնք ՀՀ-ի հետ սերտ կապեր չունեն: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Կարծում եմ՝ կա՛մ չի կարողանում, կա՛մ չի ուզում, կամ միևնույն ժամանակ չի կարողանում և չի ուզում: Չգիտեմ: Համենայն դեպս, ես զարմացած չեմ»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է, որ Ռուսաստանի կողմից նման արձագանք լիներ ու հնչեր նման գնահատական:
Ըստ ԱԺ նախագահի՝ երևի դա այն պատճառով է, որ հենց ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, այսինքն՝ նրանք այդ ձևով ուզում են նվազեցնել իրենց վրա վերցված պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան նշել էր, որ Ռուսական կողմը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել «զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բարձրացնել լարվածության աստիճանը, ինչպես նաև պահպանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները»: