Ռուսաստանը կապ չունի իր խնդրանքով ՌԴ քաղաքացիությունից հրաժարված գործարար Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղ մեկնելու նրա որոշման հետ, նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան իր ադրբեջանցի գործընկերոջ հայտարարության:
«Վարդանյանի խնդրանքով ստորագրվեց նախագահի հրամանագիրը, նա այլևս Ռուսաստանի քաղաքացի չէ։ Եվ որևէ գործ՝ կապված Ղարաբաղ գնալու և այնտեղ ինչ-որ քաղաքական կյանքի մասնակցելու նրա որոշման հետ, մենք չենք ունեցել, չունենք և չենք պատրաստվում ունենալ», – ասաց նա։
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը պահանջում է, որ Վարդանյանը լքի Լեռնային Ղարաբաղը։ «Այս տարածաշրջանի համար խորթ տարրեր են, խոսքը Վարդանյանի մասին է, ով այնտեղ է, նրա գործունեությունը հանցավոր – արկածային բնույթ է կրում, մենք կարծում ենք, որ դրան անհապաղ պետք է վերջ դրվի, և որքան շուտ նա լքի տարածաշրջանը, այնքան լավ կլինի բոլորի համար», – ասաց նա:
Բայրամովի խոսքով, Ռուբեն Վարդանյանը «խանգարում է հայ բնակչության վերաինտեգրմանը Ադրբեջանի կազմում»:
Սեպտեմբերի 1-ին Վարդանյանը հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու իր որոշման մասին։ Նա ասաց, որ տեղափոխությունից հետո ռուսական ողջ ակտիվները կփոխանցի գործընկերներին և ընտանեկան հիմնադրամին։ Վարդանյանը հայտարարեց նաև Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու ծրագրերի մասին։ Նա նոյեմբերի 4-ին նշանակվել է Արցախի պետական նախարար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 22-ի իր հրամանագրով բավարարել է Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը, փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։