Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ Մինսկի խմբի առաքելությամբ փոխարինելու գաղափարը հարցեր է առաջացնում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ինչ-որ Մինսկի փաստահավաք խումբ պետք է փոխարինի ռուսական խաղաղապահ զորախմբին, ապա այստեղ առնվազն մի քանի հարց է առաջանում։ Առաջին հարցը. դա անելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, առաջին հերթին՝ Ադրբեջանի և Հայաստանի։ Եթե այդպիսի հետաքրքրություն կա, և եթե դա լուրջ հետաքրքրություն է, ապա, հավանաբար, նախ պետք է դա առաջարկել նրանց, ովքեր որոշում են կայացրել ռուսական խաղաղապահ զորախումբ ուղարկելու մասին և կողմ են արտահայտվել, որ նստեն բանակցությունների սեղանի շուրջ և մտածեն այլ տարբերակի մասին», – ասել է նա։
Եթե դա արվում է խոսափողի միջոցով «հրապարակային, ապա այդպես էլ պետք է վերաբերվել դրան, որ դա հրապարակային գնահատականի, հրապարակային դիրքորոշման շարադրանքի մի մասն է», – ավելացրեց նա:
Լավրովը նաև առաջարկել է նայել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի առաքելությունների արդյունքներին Ուկարինայում, Հաիթիում, նախքան «հանպատրաստից հայտարարություններ անելը, այն էլ՝ խորհրդարանում ամբողջ աշխարհին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը դե ֆակտո չի կատարում Լաչինի միջանցքը վերահսկելու իր պարտավորությունները՝ ամրագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմի ձեռնարկած հավաքական ջանքերն արդեն տալիս են իրենց պտուղները։ Լեռնային Ղարաբաղի շուրջ հումանիտար իրավիճակը բավական մեծ միջազգային արձագանք է ստացել, ասաց Փաշինյանը՝ որպես օրինակ բերելով Արցախի շրջափակման հարցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Փաշինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ուղարկելու ուղղությամբ։