ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Россия сегодня»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը:
Հարցին՝ Ռուսաստանը հույս ունի՞, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր, այնտեղ կնշվի՞ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ Լավրովը պատասխանել է:
«Այս հարցն ավելի տրամաբանական է հասցեագրել բանակցող կողմերին, այսինքն ՝ Երևանին և Բաքվին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ ունի ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ, ամեն կերպ աջակցում է այդ գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները»,- նշել է նա:
Դեկտեմբերի 22-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը խաղաղության պայմանագրի իր առաջարկներն է ներկայացրել Ադրբեջանին և պատրաստ է ստորագրել փաստաթուղթը՝ հաշվի առնելով այդ առաջարկները։ «Մենք պատրաստ ենք նման բովանդակության համաձայնագիր ստորագրել, և հուսով եմ, որ Ադրբեջանի արձագանքը դրական կլինի»,- ասել էր նա։