Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան: Այս մասին նա հայտարարել է Twitter-ում։
«Սուրբծննդյան տոների այս շրջանում իմ մտքերը բոլոր հայերի հետ են, որոնց ես ուղարկում եմ հույսի և խաղաղության իմ մաղթանքները։ Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով»,-գրել է Յաել Բրոն-Պիվեն:
Նրա գլխավորած պատվիրակության կազմում են լինելու սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Վալերի Ռաբոն, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լոուրենս Պետելը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Աննա Գենետեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը: