Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի համաժողովում հայտարարել է, որ Հայաստանը չի պատասխանել խաղաղ համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին, ինչպես նաև հրաժարվել է հանդիպել Վրաստանում, հաղորդում է ТАСС-ը:
«Ադրբեջանն առաջարկում էր Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ վարել Թբիլիսիում, սակայն Երևանը հրաժարվեց հանդիպումից։ Մեր առաջարկը Վրաստանում առաջնորդների հանդիպում կազմակերպելն էր, քանի որ Վրաստանը պատմականորեն միշտ եղել է մի վայր, որտեղ հանդիպել են բոլոր հարևանները։ Բայց Հայաստանը դրան պատրաստ չէ», – պնդում է Ալիևը։ Բանակցություններն այժմ, նրա խոսքով, փակուղում են։
Նա նշել է, որ Հայաստանը չի պատասխանել խաղաղ համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկին, որը «շատ պարզ կլինի և հիմնված կլինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա»:
«Ընդլայնման և բարիդրացիության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանն ակնարկել է այստեղ Հայաստանի բացակայության մասին։ Նա ասել է, որ ներկա են Հարավային Կովկասի երկու երկրներ, բայց դրանք առնվազն երեքն են։ Ես գիտեմ, թե ում նկատի ուներ։ Բայց ինչու Հայաստան չկա։ Որովհետև Հայաստանը մերժել է Վրաստանի հետ համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու մեր առաջարկը», – հավելել է Ալիևը։