Թուրքիայի ամենամեծ ձախ կենտրոնամետ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ամենայն հավանականությամբ, մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմության միակ թեկնածուն կդառնա, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Եթե վեց ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան Քըլըչդարօղլուին չառաջադրի որպես միասնական թեկնածու, նա կառաջադրի իրեն որպես թեկնածու Ժողովրդահանրապետական կուսակցությունից, նշում է աղբյուրը։
Քըլըչդարօղլուն 2009 թվականին առաջադրվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում Ժողովրդահանրապետական կուսակցությունից՝ հավաքելով ձայների 36,8%-ը։ 2010 թվականի մայիսին ընտրվել է Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ։ 2017 թվականի սահմանադրական հանրաքվեից առաջ Քըլըչդարօղլուն ակտիվորեն դեմ է արտահայտվել սահմանադրական փոփոխությունների ընդունմանը, որոնք զգալիորեն մեծացրել են Թուրքիայի նախագահի իշխանությունը։
Ընդհանուր՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան մայիսի 14-ին, հունվարի 22-ին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իշխող Ժողովրդական դաշինքը, որը ներառում է Ազգայնական շարժում կուսակցությունը Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության հետ միասին, ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի գործող նախագահը լինելու է իր միակ թեկնածուն ընտրություններում: Ընդդիմադիր վեց կուսակցությունների կոալիցիան դեռ թեկնածու չի առաջադրել։