Դուք բանակ, զորամաս ծախող եք, հետո այդ զորամասը գրավ դնող եք: Այս մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսկելու միջնորդագիրը քննարկելիս ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«ՊՆ-ի կողմից անօտարելի հողը օտարվել է, հետո տարվել, մի ուրիշ զինվորականի կողմից գրավ է դրվել, ու ոչ ոք չի զարմացել, որովհետև մենք այդ իրականության մեջ ենք ապրել: Լավ, ենթադրենք հանցանք է կատարվել, բոլոր համակարգերը միանշանակ իրենց սխալներն են ունենում: Բայց համակարգը ոչ թե սխալով, այլ դրա նկատմամբ ռեակցիայով է բնորոշվում: Բա մի դատախազ չկա՞ր, որ այս ամենի նկատմամբ գործ հարուցեր, մի քննիչ չի տեսե՞լ այս ամեն ինչը: Եթե զորամասը 4 միլիոնով վաճառվել է, հետո 18 միլիոնով գրավ է դրվել, դրա անունը «մելկի ժուլիկություն» է»,-ասաց Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հիմքերը:
Ըստ դատախազի միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարար եղած ժամանակ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ՊՆ հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 և 1/4 Գ հասցեներում գտնվող հատուկ նշանակության հողամասերը և դրանց վրա առկա շինությունները շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք:
Ավելի վաղ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջնորդություններ է ստացել գլխավոր դատախազից՝ համաձայնություն տալու Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:
Մանրամասները՝ տեսանյութում: