Լեռնային Ղարաբաղի հայությունը ղարաբաղյան շարժումից 35 տարի անց էլ կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ: Այս մասին ղարաբաղյան շարժման 35-ամյակի իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտել է, որ այսօր էլ արցախցիները գտնվելով շրջափակման մեջ՝ ստիպված են իրենց իրավունքների ու անվտանգության պաշտպանության կամքն արտահայտել:
«Ադրբեջանի այս գործողությունները մեկ նպատակ ունեն՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը, ինչը, սակայն, համոզված եմ, անկոտրում է ու անսասան»,- գրել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ շարունակում է բազմապատկել ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու ուղղությամբ, քանի որ «միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիարժեք իրականացնելու և Լաչինի միջանցքն ապաշրջափակելու եղանակը»:
Նա նաև ընդգծել է արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, անվտանգային մարտահրավերների հաղթահարման, Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձևավորմանն ուղղված մեր հետևողական քայլերը շարունակելու պատրաստակամությունը:
«Այս նպատակների իրականացումը պահանջում է անմնացորդ աշխատանք ու այդ աշխատանքի մեջ պիտի լինենք անսասան»,- գրել է երկրի ղեկավարը:
Նա նշել է համաշխարհային և տարածաշրջանային նոր մարտահրավերներին հանդիման, մենք պիտի կենտրոնացնենք մեր ուժերը խաղաղության օրակարգի իրագործման համար, որքան էլ հասկանում ենք այդ ճանապարհին մեզ սպասվող բարդություններն ու խնդիրները: Մեծ հաշվով խաղաղ, արժանապատիվ և անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը և պետք է շարժվենլ այդ նպատակին ընդառաջ:
1988 թ-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի արտակարգ նստաշրջանը, համաձայն ԽՍՀՄ սահմանադրության, դիմել է Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին (ԳԽ)՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար: ՀԽՍՀ-ում սկսվել են արցախահայության հետ համերաշխության ելույթներ և ԽՍՀՄ-ում աննախադեպ՝ մինչև կեսմիլիոնանոց հանրահավաքներ ու ցույցեր