Ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը գնահատել է Արցախում նոր զինված հակամարտությունների ազդեցությունը Ռուսաստանի՝ Անդրկովկասում ունեցած դիրքերի վրա։
«Եթե ռուս խաղաղապահները հեռանան Արցախից, դա գրեթե ավտոմատ կերպով կհանգեցնի ռուսական ռազմակայանի դուրսբերմանը Գյումրիից, իրականում ցույց կտա Երևանի վերակողմնորոշումը դեպի Արևմուտք»,-իր Telegram-յան ալիքում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ վերլուծելով մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան:
«Լեռնային Ղարաբաղում նոր զինված միջադեպեր են տեղի ունենում, խաղադրույքներն աճում են: Ու թեև վերջնագրերի ներկայացումն այդ ուղղությամբ նոր մարտավարություն չէ, բայց ակնհայտ է, որ երբ դրանք ամրապնդվում են ուժով, ռիսկերը զգալիորեն մեծանում են»,-նշել է փորձագետը։
Քաղաքագետը ընդգծել է, որ Կովկասում «այդ կետը» (Արցախ-խմբ․) հատուկ նշանակություն ունի Ռուսաստանի համար։
«Այն առանցքային անվանելը չափազանցություն չի լինի նույնիսկ։ Արևմուտքի հետ աճող մրցակցության, Թուրքիայի հետ մրցակցային գործընկերության պայմաններում հիմնական մոդերատորի դերի պահպանումը Մոսկվային թույլ է տալիս ազդեցություն ունենալ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա։ Բայց Երևանի կամ Բաքվի միջև ինչ-որ վերջնական ընտրություն անելն այսօր սխալ է։ Տարբերակները, իհարկե, հնարավոր են, բայց ավելի լավ է խուսափել դրանցից: Հայաստանի և Ադրբեջանի վրա ռուսական ազդեցության կորուստը կհանգեցնի Մոսկվայի համար այն դրական միտումների սառեցմանը, որոնք ուրվագծվել են Վրաստանում»,-ընդգծել է Մարկեդոնովը։
Անդրադառնալով տարածաշրջանային՝ այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում առանց Մոսկվայի ձևաչափի հավանականությանը, փորձագետը նշել է, որ միջազգային քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է։
«Պատմության մեջ եղել են ժամանակաշրջաններ, երբ ռուսական պետությունն այս կամ այն կերպ ներկա չի եղել Կովկասում կամ այնտեղ նվազագույն ներկայություն է ունեցել»-հավելել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: