ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 23-ի նիստում ուղերձ հղեց միջազգային հանրությանը՝ նշելով խաղաղության պայմանագրի ստորագրման ՀՀ պայմանը։ Ըստ նրա՝ խաղաղության պայմանագիրը լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա։
«Ադրբեջանի նախագահի՝ Թալիշում ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել։ Նա բացահայտ, բառացի ասաց, թե «Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- նշեց նա՝ ընդգծելով, որ խաղաղության պայմանագիր լինելու է։ Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է, այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին, ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրանց քաջալերում են գնալ նորանոր սադրանքների՝ հիշեցնելով երեկ Երասխում տեղի ունեցած դեպքը, երբ հակառակորդի կրակոցից զինծառայող էր զոհվել։
«Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա։ Սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի՝ պետական մակարդակով վարվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթով, որը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այս խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ մեր կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները, և այս շարունակական, ՀՀ գոյության իրավունքը կասկածի դնող քաղաքականությունն ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը։
Փաշինյանն Ադրբեջանի անընդունելի գործողությունների շարքում ընդգծեց արդեն 13-րդ անգամ Արցախի գազամատակարարումը սահմանափակելը, ինչպես նաև ագրեսիվ որակեց Թալիշում ունեցած Ալիևի ելույթը։
«Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց է։ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ այն, ինչի մասին ահազանգում էին երկար ժամանակ, այլևս իրականություն է։ «Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը։ Սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները, և հարցը համարել լուծված»,- նշեց նա։
Ադրբեջանի այս գործողությունները, նրա խոսքով, ապօրինի են և բացահայտ կերպով հակասում են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում է․ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»։
«Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության՝ Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով։ Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետևեց ԼՂ-ից ու հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, ովքեր 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել ԼՂ-ից և հարակից շրջաններից բռնագաղթած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր»,- ասաց վարչապետը։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Թալիշում կայացած իր ելույթում Ալիևն ասել էր, որ որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում, պետք է ընդունի իրենց պայմանները, պաշտոնապես ճանաչի Ղարաբաղը Ադրբեջանի մաս և իրենց պայմանների հիմքով կատարեն սահմանագծման աշխատանքները։