Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է ԱՄՆ-ում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, հայտնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարությունից հավելել են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր։
Միրզոյանը ապրիլի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Հայաստանի արտգործնախարարությունը նշել էր, որ այնտեղ նա բանակցություններ է վարելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։