Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ИМЭМО РАН հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչինը Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել է մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունները, խոսել հունիսի 1-ին Քիշնևում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին։ Փորձագետը խոսել է նաև Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության երկարաձգման հնարավոր տարբերակների մասին և գնահատել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման տնտեսական ազդեցությունը:
Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները
Պրիտչինի խոսքով՝ բանակցությունների մոսկովյան փուլը «ավելի շուտ նվազագույն արդյունավետությամբ է անցել»: Նա հիշեցրել է, որ ի սկզբանե հայտարարվել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ առնվազն երկու փաստաթուղթ կստորագրեն: Ըստ նրա՝ առաջինը վերաբերելու էր տրանսպորտային միջանցքների բացմանը, երկրորդ դեպքում խոսքը հայտարարության մասին էր, որը պետք է լիներ այն փաստաթղթերի շարունակությունը, որոնք ավելի վաղ ստորագրվել էին եռակողմ ձևաչափով։
«Բայց, որքան հասկանում եմ, ԵՏՄ նիստի շրջանակներում հայ և ադրբեջանցի առաջնորդների միջև ծավալված բանավեճը, իսկ մինչ այդ Հայաստանի վարչապետի հայտարարությունները ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին այնպիսի մթնոլորտ էին ստեղծել, որտեղ, ըստ ամենայնի, դժվար էր ինչ-որ արդյունքի հասնել։ Տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի Մոսկվայում կայացած հանդիպումը հնարավորինս անարդյունք անցնի։ Ինչո՞ւ է դա արվում: Ամենայն հավանականությամբ, որպեսզի Արևմտյան բանակցային այլ հարթակներում արդյունավետություն լինի»,-ասել է Պրիտչինը։
Նա նշել է, որ այս իրավիճակը տեղի է ունենում ռուս-հայկական հարաբերություններում որոշակի «էրոզիայի» պայմաններում։ Փորձագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ վերջին շրջանում բավական քննադատական է, ընդհանուր առմամբ, Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը փաստացի սառեցնելու, կազմակերպությունում քվոտան չօգտագործելու վերաբերյալ կան մի շարք որոշումներ: Նրա խոսքով՝ կան նաև ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու մի շարք նախաձեռնություններ, ԱՄՆ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացում։
«Այս բոլոր պահերն, իհարկե, մտահոգիչ են։ Ռուսաստանում հետևում են Հայաստանում տիրող իրավիճակին և կա այն գիտակցումը, որ Հայաստանը երես է թեքում Ռուսաստանից։ Ինչո՞վ դա հղի կլինի՝ հարց է, թե որքան հեռու կգնան հայկական իշխանություններն այս շրջադարձում»,-հայտարարել է Պրիտչինը։
Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հետևանքները Հայաստանի համար
Փորձագետը խոսեց հայ-ադրբեջանական սահմանի բացման հնարավոր տնտեսական ազդեցության մասին՝ նշելով, որ երկու տարի առաջ գործընկերների հետ համապատասխան ուսումնասիրություն են իրականացրել: Պրիտչինի խոսքով՝ Միայն Նախիջևանի և Ադրբեջանի միջև բեռների տարանցումը տարեկան կազմում է մոտ 1 մլն տոննա:
«Հայաստանի հարավում՝ Մեղրիի տարածքով զուտ երկաթուղային գծի բացման դեպքում, դրանք, միևնույն է, կլինեն տարանցիկ վճարումներ, որոնք բավականին էական են։ Իսկ եթե այդ միջանցքը (Ադրբեջանն այն «Զանգեզուրյան» է անվանում) հետագայում շարունակվի Նախիջևանով, հետագայում՝ մինչև Թուրքիա, ապա այստեղ բոլորովին այլ կարգի տարանցիկ հնարավորություններ են բացվում, և նորից այդ ամենը կընթանա Հայաստանով»,-ասաց նա։
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ առաջին հերթին պետք է սահմանը բացել միջանցքով՝ մինչև Նախիջևան: Սակայն, ըստ նրա, միևնույն ժամանակ Ադրբեջանը չի հրաժարվում տրանսպորտային այլ երթուղիների բացումից։ Նա շեշտեց նաև Հյուսիսային երկաթուղու մասին, որը թույլ կտար Հայաստանին, օրինակ, Ադրբեջանի տարածքով ուղիղ երկաթուղային համագործակցություն և կապ հաստատել Ռուսաստանի հետ։ Այսինքն, փորձագետի խոսքով, այդ դեպքում բեռները կարող են Ռուսաստանից Հայաստան և Հայաստանից Ռուսաստան գնալ այդ միջանցքով։
«Ըստ այդմ, տնտեսական առումով, Թուրքիայի սահմանի հետագա բացումը Հայաստանի համար կարող է տնտեսական իրավիճակը լրիվ այլ հունով տանել»,-ասել է Պրիտչինը։
Միաժամանակ նա նշեց, որ երկուսուկես տարվա ընթացքում ոչ մի ծրագիր, ի վերջո, չի իրականացվել:
«Նույնիսկ եթե հիմա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին որոշում լինի, միևնույն է, որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի տնտեսական առումով իրավիճակը դրական կերպով զարգանա»,-նշել է փորձագետը:
Հունիսի 1-ին Քիշնևում նախատեսված բանակցությունների ընթացքում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցության մասին
Պրիտչինի խոսքով՝ դժվար է ասել, թե Քիշնևում կողմերին որքանով կհաջողվի հաղթահարել բաց հակասությունները, որոնք նախանշվել էին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ:
«Եթե իսկապես Հայաստանը ռուսական մոդերատորության առումով հարցեր ունի, ապա, իհարկե, այստեղ շանսերի խնդիր կա․ հիմա շատ առումներով փաստաթղթերի ստորագրումը կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Առայժմ հռետորաբանության մակարդակը թույլ չի տալիս կանխատեսել, որ Քիշնևում ինչ-որ իրական բան կստորագրվի, թե ոչ։ Այդուհանդերձ՝ մինչ այդ և՛ Բրյուսելում, և՛ դրանից առաջ արտգործնախարարների մակարդակով հանդիպում տեսանք Վաշինգտոնում։ Այդ երկու հանդիպումները բավականին արդյունավետ էին»,- ասաց փորձագետը։
Ինչպես է լուծվելու 2025 թվականից հետո Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հարցը՝ հաշվի առնելով Փաշինյանի կողմից Ադրբեջանի կազմում ԼՂ ճանաչումը, ինչպես նաև Արևմուտքի միջնորդությամբ Երևանի և Բաքվի կողմից խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումը
Պրիտչինն ընդգծել է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում, ամեն դեպքում, կախված կլինի երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումից: Նրա խոսքով՝ Ադրբեջանը, սկզբունքորեն ընդգծում է, որ մինչև 2025 թվականը ռուս խաղաղապահների կարիք չի լինի, քանի որ, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ կստորագրվի խաղաղության պայմանագիր։ Ըստ այդմ, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը պետք է ամբողջությամբ լինի Բաքվի վերահսկողության տակ, և, համապատասխանաբար, Ադրբեջանի տարածքում չեն կարող լինել օտարերկրյա ռազմական ներկայացուցիչներ։
«Նուրբ հարց է, թե ինչպիսին է լինելու Հայաստանի դիրքորոշումն այս հարցում և ինչպես կարելի էր Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այս մտահոգությունը տեղափոխել ավելի սահմանափակ առաքելության՝ ռուսական ոստիկանական առաքելության պահպանման դաշտ։ Նման ապակառուցողական երկխոսության համատեքստում փաստացի շանտաժ է գնում. «մենք պատրաստ ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից, մենք ռուսական հարթակում ոչինչ չենք ստորագրի»։ Այս դեպքում դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կպնդի, որ ինչ-որ կերպ վերափոխվի այդ առաքելությունը»,-ասաց փորձագետը՝ նշելով, որ դեռևս չի երևում Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ Ադրբեջանին ինտեգրվելու պատրաստակամությունը։
Ըստ նրա՝ պետք է մտածել, թե ինչպես դուրս գալ ստեղծված բավական պատային իրավիճակից։
«Եթե ենթադրենք, որ ինչ-որ պահի խաղաղության պայմանագիրը ստորագրվել է, Հայաստանը փաստացի ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, Ադրբեջանն ընդունել է բանաձև, ըստ որի՝ ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովվում է միայն այն դեպքում, ԼՂ քաղաքացիներն Ադրբեջանի քաղաքացիություն ստանան, ապա հարց է, թե ԼՂ քաղաքացիներից քանիսն են լքելու այդ տարածաշրջանը, քանիսն են մնալու։ Դա մեծապես կախված կլինի նրանից՝ կհաջողվի արդյոք երկարաձգել ռուս խաղաղապահների ներկայությունը որևէ այլ ձևով, որպեսզի սահուն կերպով ապահովվի ինտեգրման գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղն արդեն ներառելով Ադրբեջանի քաղաքական և մունիցիպալ համակարգում: Իրականում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Քանի դեռ որևէ հստակ պլան չի երևում, թե ինչ և ինչպես է տեղի ունենալու»,-եզրափակեց փորձագետը։