Հայաստանը չի հավակնում որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հայտնել է Արարատ Միրզոյանը 2022 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ:
«Ինչպես բազմիցս ՀՀ վարչապետն է նշել, մենք ԼՂ ժողովրդից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու համար, ըստ այդմ՝ մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել»,- ասել է նա։
Միրզոյանի խոսքով՝ միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում, հետևյալն է՝ մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական ու ամբողջական չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում երկխոսության մի մեխանիզմ, որտեղ ԼՂ ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, քննարկել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք կարևոր են ԼՂ ժողովրդի համար»,- շեշտել է Միրզոյանը։
ԱԳ նախարարը նկատեց՝ որպեսզի խաղաղությունը լինի աշխատող, կայուն, երկարատև, պետք է առկա խնդիրները հասցեագրվեն, իսկ այդ խնդիրները կան:
«Որևէ մեկը չի կարող ժխտել, որ ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր: Դրա մասին են վկայում բլոկադան, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները և այլ հարցեր։ Այդ հարցերը պետք է քննարկվեն ու հասցեագրվեն ոչ մեր կողմից, այլ ԼՂ ժողովրդի ընտրած մարմինների ու լիազոր ինստիտուտների»,- ասաց Միրզոյանը՝ շեշտելով, որ իրենք պիտի փորձեն ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեկնարկը, մեխանիզմը, հարթակը: