Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ամրապնդել համագործակցությունը ԱՊՀ երկրների գործարարների միջև՝ Միության երկրներում նորարարություններ զարգացնելու համար։
«Մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է նպաստավոր պայմանների ստեղծումը մեր երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև արդյունաբերական համագործակցության կապերի ակտիվացման և փոխգործակցության համար՝ նորարարական արդյունաբերական կլաստերների և գիտաարտադրական գոտիների ձևավորման ուղղությամբ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը՝ Սոչիում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Փաշինյանը կարևորել է ԱՊՀ երկրների արդյունաբերական համագործակցության զարգացման հայեցակարգի և միջոցառումների փաթեթի ընդունումը։
«Գիտելիքահեն նոր ճյուղերի ստեղծումը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ներուժի արդիականացումը կարևոր գործոն է կայուն և նորարար տնտեսական զարգացման հասնելու համար, ինչպես նաև անհրաժեշտ պայման՝ մեր տնտեսությունների մրցունակության բարձրացման համար»,- հավելել է նա։
Երևանը, ըստ վարչապետի, ԱՊՀ երկրների ազատ առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը համարում է «հիանալի հնարավորություն ԱՊՀ անդամ երկրներում ներդրումային գործունեության զարգացմանը նոր խթան հաղորդելու համար» և պատրաստ է համաձայնագրերի գործնական իրականացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։