ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աֆամ Շիֆը կոչ է արել Ջո Բայդենին՝ ստիպել Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ նստել Արցախի հետ։
«Մենք կոչ ենք անում ձեզ հասկացնել բոլոր կողմերին, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնյաներին, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշումներ չեն կարող կայացվել առանց Արցախի ներկայացուցիչների։ Արցախի ժողովրդի իրավունքն է ապրել ազատ քաղաքական, մշակութային և տնտեսական ճնշումներից, և որպես ժողովրդավարության պաշտպան՝ Միացյալ Նահանգները պետք է շարունակի աջակցել և կանգնել Արցախի ժողովրդի կողքին՝ հասնելու այն ճանաչմանը, որին նա արժանի է բոլոր ազգերի կողմից»,- ասված է Ադամ Շիֆի հրապարակած հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները դատապարտելու համար։
«Մենք պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկենք Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները դատապարտելու համար կոչ անել Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման համար, այդ թվում՝ պատժամիջոցների և Ադրբեջանին տրամադրվող օգնության դադարեցման միջոցով»,- նշել է նա։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ-ն պետք է ապահովի Արցախի ժողովրդի պաշտպանությունն ու ինքնորոշման իրավունքը։
«Հայաստանի և Արցախի ժողովուրդն արժանի է արդար և հարատև խաղաղության, ինչը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները և բանակցություններում ներգրավված ԵՄ գործընկերները հավատարիմ մնան ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության արժեքներին և հարգեն Արցախի ժողովրդի օրինական իրավունքները»,- նշել է կոնգրեսականը։
Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակելով ՀՀ դիրքերի և Արցախի ուղղությամբ, ինչպես նաև հանդես է գալիս ապատեղեկատվությամբ՝ փորձելով կոծկել սեփական հանցավոր գործունեությունը իրականության խեղաթյուրման միջոցով։