Արայիկ Հարությունյանն ու իր ամբողջ թիմն իրենց կարողություններն ամբողջությամբ սպառել են, Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրա խոսքով՝ Հարությունյանի ընտրությունն ի սկզբանե անհաջող էր։ Նա ոչ մի հաջողության չհասավ, այլ ունեցավ միայն անհաջողություններ, որի հետևանքով, իրավիճակի կառավարման կարողությունների բացակայության պայմաններում, թողեց ու հեռացավ։
«Մի կողմից իրենց չեն ուզում պայմանավորվել Ադրբեջանի պայմաններով Արցախի ոչնչացման հարցով, մյուս կողմից, նրանք ի վիճակի չեն այլընտրանքային գիծը տանել, ես նույնիսկ համոզված չեմ, որ հիմա առհասարակ դա հնարավոր է, բայց իրենք դա հաստատ չեն կարող, և դա նրանք լավ գիտակցում են»,- ասաց փորձագետը։
Նրա խոսքով՝ Արցախում հիմա իշխանափոխություն է և նոր եկող քաղաքական թիմի համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվում։
«Դեռ հարց է, թե լինելու է արդյոք ընտրված թիմ, բացառված չէ, որ Փաշինյանի կողմից ազդող մարդիկ ազդեցություն ունենան իրավիճակի վրա»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ, օրինակ Հարությունյանի կառավարույթունը բաղկացած է եղել տարբեր շահեր ներկայացնող խմբերից, որոնք կարող են ազդեցություն ունենալ իրավիճակի վրա։
Այսպիսով, Միքայելյանը կարևորեց նոր կառավարության՝ Ռուսաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից։ Ըստ նրա, միայն Ռուսաստանի Դաշնության տեսակետի կտրուկ փոփոխությունը կարող է իրավիճակ փոխել, որն այսօր ամենևին պրոհայկական չէ, թեև պրոադրբեջանական էլ չէ։
«Այս պահին Արցախի փրկվելու միակ և վերջին հնարավորությունը այն է, եթե ՌԴ դիրքորոշումը կտրականապես փոխվի»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ առանց երաշխիքների ու պայմանավորվածությունների որևէ մեկը չի դիմելու կտրուկ քայլերի։ Միևնույն ժամանակ Միքայելյանը համոզված է, որ հարցը ոչ թե պրոռուսական լինելն է, այլ կարողուժ լինելը․ «կարող՝ անվտանգության ոլորտում և կարող՝ սոցիալական ոլորտում»։
«Կարող ասելով ես նկատի ունեմ երկու բան․ մեկը՝ կոմպետենտություն, որը շատ կարևոր է, և երկրորդը՝ քաղաքական կամք։ Արայիկ Հարությունյանը շատ սահմանափակ էր Հայաստանի հետ պայմանավորվածությունների տեսանկյունից»,- ասաց փորձագետը։ Նա ընդգծեց, որ Արցախում ժողովուրդն արդեն պատրաստ է զենք վերցնել։ Ըստ նրա՝ թեև Ադրբեջանը հույս ունի, որ ժողովուրդը կընդվզի Ադրբեջանին միանալու համար, սակայն նա ուզում է հակառակ տրամաբանությունը։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ վաղը հրաժարական է տալու։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։
Արաքսյա Սնխչյան