Վերջին տարիներին մեր կրած տառապանքներն ու փորձությունները ՀՀ անկախության ու ինքնիշխանության համար մղվող պայքարի անբաժանելի մաս են, ՀՀ անկախության օրվա իր շնորհավորական ուղերձում ասել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում հաճախ է քննադատվում այն բանի համար, որ արտաքին և տարածաշրջանային քաղաքականություն վարելիս հենվում է 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի և դրա հետ փոխկապակցված փաստաթղթերի վրա:
«Շատերն ուղղակի և անուղղակի կոչ են անում հրաժարվել այդ փաստաթղթի վրա հիմնված քաղաքականությունից»,- նշել է նա՝ հավելելով, որ փաստաթղթի վրա հենված քաղաքականությունից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:
Վարչապետն ընդգծել է, որ այսօր էլ ապրում ենք դժվար ժամանակներ, կրում ֆիզիկական և հոգեբանական անասելի տառապանքներ, սակայն նպատակը սերունդների երջանկությունն է, որի համար խաղաղ միջավայր է անհրաժեշտ:
«Շատերը կարծում են, որ տարածաշրջանային այս լարված միջավայրում, ժամանակ առ ժամանակ բռնկվող ռազմական բախումների պայմաններում խաղաղության մասին խոսելը համարժեք չէ: Բայց առավել ևս այս պայմաններում խաղաղությունը պետք է արժևորվի, և խաղաղությունն ամենևին չպետք է շփոթենք զինադադարի կամ հրադադարի հետ»,- ընդգծել է Փաշինյանը: