Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման արարողությունը։
«Երևանի խնդիրները չեմ ընդունում որպես բեռ, Երևանը մարդիկ են։ Երևանը պետք է լինի քաղաք՝ մարդկանց համար, իսկ քաղաքն այդպիսին կարող է դառնալ՝ պահպանելով մի պարզ սկզբունք․ հանրային շահի գերակայություն՝ անհատական շահի նկատմամբ»,- երդման արարողությունից հետո ասել է Ավինյանը։
Երդմնակալության հանդիսավոր արարողությունից հետո՝ ժամը 12:00-ին, տեղի է ունենալու Տիգրան Ավինյանի ճեպազրույցը: Երդման արարողությանը ԶԼՄ-ների մուտքն արգելված էր։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Մանրամասները՝ տեսանյութում։